Posted in կենսաբանություն 7

Կանաչ էվգլենա, կառուվածքը, բազմացումը, սնման ձևերը

Կառուցվածքը

Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է, սրացած հետևի ծայրը կայունություն է տալիս մարմնին։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։

Տարածումը 

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում,  չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

Բազմացումը

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։

Սննդառությունը 

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

Leave a comment